25 մարտի 2020
ԵՄ-ն օգնում է հայուհուն իր առաջին քայլերն անել բիզնեսում
Սոցիալական ցանցերն արագ են զարգանում Հայաստանում։ Շատ հայեր տարբեր սոցիալական մեդիաներում հաշիվներ ունեն և համացանցի ակտիվ օգտատերեր են։ Բայց մեծամասնության համար սոցիալական ցանցերը ժամանակ անցկացնելու մեկ այլ տարբերակ են և չեն համարվում մասնագիտություն կամ եկամտի աղբյուր։
Ավագ դպրոցում սովորելու տարիներին 19 տարեկան Զոյա Սաֆարյանը Սևանից գտավ իր մասնագիտությունը՝ մարքեթինգը։ «Ես նկատեցի, որ իմ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ սոցիալական ցանցերում և մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, ես կարող եմ այստեղ գումար վաստակել։ Երբ սկսեցի ուսումնասիրել այն, բացահայտեցի մարքեթինգը և որոշեցի սովորել այն»,- ասում է Զոյան։ Նա սկսել է տարբեր դասընթացների հաճախել և այնուհետև իմացել է բիզնես կենտրոնի մասին։
Ժամանակին մարզադահլիճ՝ այժմ բիզնես կենտրոն Սևան քաղաքում, բիզնես զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակն արդեն դարձել է տուն նոր բիզնես գաղափարների և նախաձեռնությունների համար։ Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատը ստացել են դրամաշնորհ Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման (M4EG) նախաձեռնության շրջանակներում։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սևանում կայուն և էական տնտեսական աճին։ Բիզնես կենտրոնն ունի համատեղ օգտագործման աշխատանքային տարածքներ, հանդիպումների և կոնֆերանսների համար նախատեսված սենյակներ և տրամադրում է ժամանակակից տեխնիկա։
Մինչ կենտրոնի բացումը Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատն արդեն սկսել էին աջակցել բիզնես գաղափարներին։ Եվ Զոյան ծրագրի առաջին շահառուներից է։
«Լսել էի, որ Սևանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, բայց չգիտեն ինչպես սկսել և ինչ անել»,- ասում է Զոյան, որը որոշեց փորձել ծրագիրը՝ նախքան դրա մասին ավելի շատ բան իմանալը։
Զոյան սովորեց՝ ինչպես մշակել բիզնես պլանը և այժմ ցանկանում է բացել մարքեթինգային կենտրոն և զարգացնել իր քաղաքը։ «Ես կսովորեցնեմ մարքեթինգ և մեր կենտրոնում կտրամադրենք SMM ծառայություններ (մարքեթինգ սոցիալական մեդիաիայում)»։
Չնայած երիտասարդ տարիքում իր հաջողություններին՝ Զոյան չի շտապում և պլանավորում է իրականացնել իր ծրագիրը մի քանի տարուց։ Նա կարծում է, որ պետք է դեռ սովորի և գտնի իր պես մտածող մարքեթոլոգների, որ հասնի հաջողության։ Զոյան պահպանել է իր կապերը բիզնես կենտրոնի հետ և այժմ այնտեղ կամավորություն է անում։
Նա կարծում է, որ մարքեթինգը Սևանում ապագա ունի, և իր կենտրոնը կարող է օգնել շատ մարդկանց այն կերպ ինչպես բիզնես կենտրոնը օգնել է իրեն։ «Ժամանակակից երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են համացանցում, նրանք կարող են սովորել գումար վաստակել համացանցում»,- ասում է Զոյան։ Նա հույս ունի, որ իր կենտրոնի բացումը կնպաստի մարքեթինգի զարգացմանը Սևանում։ «Սևանում կան դպրոցներ և քոլեջ, բայց այստեղ չկա գեթ մեկ մասնագիտացված կենտրոն։ Ես մեծ երազանքներ ունեմ և մեծ ոգևորվածությամբ ուզում եմ այն բացել»։
Ֆինանսավորելով մեկ նախագիծ՝ Եվրոպական միությունն ազդեցություն է ունենում տասնյակ մարդկանց վրա։ Ինչպես Զոյան, ազդեցություն ստացած մարդիկ ևս իրենց երազանքներն իրականություն են դարձնելու, և այն կունենա ազդեցություն ավելի շատ մարդկանց վրա, քան նախատեսված էր։ Բայց սա էլ շղթայի ավարտը չէ։
Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատը ոչ առևտրային կազմակերպություն է, որին անդամակցում են 150 գործարարներ։ Առևտրաարդյունաբերական պալատը նպաստում է կայուն տեղական տնտեսական աճին՝ ուժեղացնելով տնտեսական ենթաոլորտները։
Ամի Չիչակյան
Աղբյուր՝ EU Neighbours East